Պատմություն

Տեսլական

Լոռու մարզում բոլոր մարդիկ ապրում են լիարժեք կյանքով և ունեն հավասար հնարավորություններ՝ օգտվելու իրենց բոլոր իրավունքներից և ազատություններից:

Առաքելություն

Նպաստել Լոռու մարզում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների լիակատար իրացմանը և նրանց լիարժեք մասնակցությանը հասարակական կյանքին:

Image

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը հիմնադրվել և ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից (2014թ․)։ Թեև կազմակերպությունն ունի ավելի երկար պաշտոնական անվանում, այն լայնորեն հայտնի է նաև EREO կարճ անվանմամբ՝ անգլերեն “Equal rights, equal opportunities” անվան հապավումով: Կազմակերպությունը տեղակայված է Վանաձոր քաղաքում և իր գործունեությունը հիմնականում ծավալում է Լոռու մարզում։ Միևնույն ժամանակ, կազմակերպությունն իրականացրել է ծրագրեր նաև Տավուշի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում:

Մեր հիմնական թիրախային խմբերն են տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք (տարբեր տարիքի և սեռի), ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները։ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով կազմակերպությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում պատերազմից տուժած հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին և նրանց աջակցությանը։

Մեր ծրագրերն ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և աշխատանքի իրավունքների ապահովմանը, զբաղվածության հիմնահարցերի լուծմանը, հանրային տարածքների և տեղեկատվության մատչելիության բարելավմանը, Լոռու մարզում ներառական և ադապտիվ սպորտի զարգացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը, առաջնորդության հմտությունների խթանմանը և վերջիններիս նկատմամբ խտրական վերաբերմունքի հաղթահարմանը, անկախ կյանքի հմտությունների զարգացմանը և այլն։

Կազմակերպությունը, իր առաքելությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, կարևորում է միջոլորտային համագործակցությունը և ակտիվորեն ներգրավված է ազգային և միջազգային գործընկերային ցանցերում ու խորհրդատվական հարթակներում։

Մասնավորապես՝ կազմակերպությունը․

Անդամակցում է Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող ազգային հանձնաժողովին

Անդամակցում է Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովին

Ներգրավված է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործող հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդում

«Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա»-ի համահինադիր անդամ

Անդամակցում է «Եվրոպական անկախ կյանքի ցանց»-ին

Հանդիսանում է «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա»-ի համահիմնադիր անդամ

Անդամակցում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գործող հասարակական խորհրդին։