
2019թ․-ին Կազմակերպությունը հիմնադրել է «EREOstyle» սոցիալական ձեռնարկությունը, որը զբաղվում է ձեռագործ հուշանվերների արտադրությամբ։ Անվանումը ստեղծվել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարարակական կազմակերպության անգլերեն հապավումից «EREO» և ավելացվել է Style բառը՝ որպես ոճ։ Սոցիալական ձեռնարկության ստեղծման հիմնական նպատակն է ստեղծել աշխատատեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար, աջակցել նրանց տնտեսական ներառմանը, ինչպես նաև նպաստել կազմակերպության կանոնադրական նպատակների իրականացմանը։ Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը նպատակ ունի օրինակ ծառայել գործատուների համար՝ հաղթահարելու հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունման վերաբերյալ գոյություն ունեցող կարծրատիպերը։
«EREOstyle»-ի արտադրանքը համադրում է հայկական մշակութային մոտիվները, ձեռագործ աշխատանքը և սոցիալական ազդեցությունը։

Հայկական մոտիվներով կտորե տիկնիկներ
Պատրաստված տարբեր գույների և նկարազարդված կտորներից (մոտ 16–20 սմ չափսով)։ Տիկնիկների մեջ տեղադրված են բնական թեյ-խոտաբույսերով (ուրց, դաղձ, նանա, մասուր, ալոճ և այլն) լցոնված փոքրիկ պարկեր, որոնք գտնվում են տիկնիկի հագուստի ներսում (տղա տիկնիկների պարագայում՝ մեջքի հատվածում՝ ուսապարկի մեջ)։ Այս յուրահատուկ լուծումը թույլ է տալիս հուշանվերն օգտագործել նաև որպես բուրավետ խոտաբույսերի աղբյուր՝ թեյ պատրաստելու համար։ Արժեքը 3000 դրամ է։
Փայտե ձեռագործ զարդեր
Վզնոցներ, ականջօղեր, կախազարդեր, ինչպես նաև սառնարանի մագնիսներ։ Ապրանքներն առանձնանում են յուրօրինակ դիզայնով և ամբողջությամբ ձեռքով նկարված պատկերներով (օգտագործվում են փայտ, գուաշ և լաք)։ Արժեքները 1000-3000 դրամի սահմաններում է։

Արտադրանքը հնարավոր է ձեռք բերել կազմակերպության գրասենյակից, ինչպես նաև տարբեր ցուցահանդեսների և միջոցառումների ընթացքում։ Առկա է նաև առցանց պատվերի և առաքման հնարավորություն։
Թումանյան փողոց 9Ա, բն.2, Վանաձոր, Հայաստան